Հոր մահվան տարելիցի օրը 29-ամյա որդին ավտովթարի զոհ է դարձել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

վթար

Հունիսի 25-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։40-ի սահմանում Գյումրիի բնակիչ 29-ամյա Գևորգ Մկրտչյանը իր վարած Toyota մակնիշի 02 PP 050 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները։

Փաստի առթիվ Վ. Մազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, որոնք ասում էին, որ մահացածի հոր մահվան տարելիցն է, իսկ Գևորգին Գյումրիում ճանաչողները նրան բնութագրում էին դրական, ասում էին՝ ընտանիքին ու աշխատանքին նվիրված երիտասարդ էր, խաթրաշահ ու երբեմն էլ հնարավորության սահմաններում օգնության ձեռք էր մեկնում կարիքավորներին, այդ թվում՝ սոցիալապես անապահովներին։

«Իրոք, դաժան է, հոր տարելիցի օրը որդին ողբերգական ավտովթարի զոհ է դառնում»,-նշում էին վթարի վայրում հավաքվածները։