Էմինի փողոցից բերման են ենթարկել 2 տղամարդու․ զննության վայրում գտել են 8 հաբ, ներարկիչներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Իրավական

Հունիսի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կենրոնականի ոստիկանների հետ համատեղ, ժամը 16.30-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Եկմալյան փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Նրա մոտից հայտնաբերվել է երկու փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:

Հունիսի 24-ին՝ ժամը 12.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Հ. Էմինի փողոցից բերման են ենթարկել երկու տղամարդու: Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա մոխրաման, որի պատերին առկա են եղել շագանակագույն հետքեր, բամբակյա թաց խծուծով պլաստիկ տարա, «Դիմեդրոլ Բելմեդ» գրառմամբ ութ հաբ, ներարկիչներ:

Նրանցից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: