ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Պետական վերահսկողական ծառայությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Սամվել Ադյանի հորեղբոր որդին՝ Արմեն Ադյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկության՝ Արմեն Ադյանը, զբաղեցնելով Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենի պաշտոնը, յուրացումներ է կատարել։ Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ադյանի կողմից ենթադրյալ յուրացումներ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 179-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը։
Hraparak.am կայքի տեղեկություններով՝ Արմեն Ադյանը յուրացրել է 18 ուսանողի կրթաթոշակ, 7 ծանոթ-ազգականի անունով հաստիքներ է բացել և աշխատավարձերը յուրացրել։ Քրեական գործը հարուցելու օրերին Ադյանը գտնվել է ԱՄՆ-ում, իմանալով գործի մասին՝ հետ է վերադարձել Հայաստան։
Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին և նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։
Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։