ԱԺ խոսնակն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Յոգեշվարին, որն ավարտում է պաշտոնավարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, որն ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ Արարատ Միրզոյանի` երկկողմ հարաբերություններում առկա է դեռևս չիրացված մեծ ներուժ, այդ թվում` տնտեսության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: ԱԺ նախագահի համոզմամբ` գործակցության ընդլայնմանը էապես կնպաստի երկու մայրաքաղաքների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով միջխորհրդարանական կապերի կարևորությանը, առանձնացրել է ինչպես բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվությունը, բարձր մակարդակով հանդիպումները, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, տարբեր հարցերի շուրջ փոխհամաձայնեցված գործունեությունը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հնդկաստանի խորհրդարանի ղեկավարին ուղղված` Հայաստան այցելելու հրավերը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար` Սանգվան Յոգեշվարը կանգ է առել այն համատեղ ծրագրերի վրա, որոնք մինչ այս իրականացվել են: Նա ևս ընդգծել է, որ համագործակցության զգալի մեծ հեռանկարներ կան, որոնք դեռ սպասում են իրենց կենսագործմանը: Երկկողմ հարաբերությունները որակելով որպես դինամիկ զարգացող` դեսպանը դրանց հետագա զարգացման առումով կարևորել է բարձր մակարդակով շփումները, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության խորացումը, գործարար շրջանակների կապերի ակտիվացումը:

Հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ` Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սանգվան Յոգեշվարն ամենուր կլինի Հայաստանի բարեկամների թվում:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news