ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնից՝ Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող՝ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը այսօր՝ հունիսի 25–ին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը բավարարեց Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ խափանման միջոցը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունը և Շուշանյանին ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից։

Նշենք, որ հունիսի 21-ի ԱԺ ԲՀԿ խմբակցությամբ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը եւ Արտյոմ Ծառուկյանը երկրորդ անգամ անձնական երաշխավորություն էին ներկայացրել  Շուշանյանի համար՝ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Նշենք, որ Շուշանյանը շուրջ մեկուկես տարի տեւած գործի քննության ընթացքում երեք անգամ  կալանավորվել է. վերջինը՝ 2019թ. մարտի 15–ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն եւ իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի եւ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։