Բացել են դռան փականն ու սննդի կետից գողացել հեռուստացույց և չհրկիզվող պահարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

Հունիսի 24-ին, ժամը 09.09-ին, ոստիկանություն է զանգահարել Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ 26-ամյա մի անհատ ձեռնարկատեր: Նա հայտնել է, որ Զաքյան փողոցում, արագ սննդի կետից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանները: Նրանք պարզել են, որ գիշերը, տեխնիկական միջոցներ գործադրելով բացել են դռան փականն ու սննդի կետից գողացել հեռուստացույց եւ չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար:

Նույն օրը, ժամը 12.45, ստացվել է նմանատիպ մեկ այլ հաղորդում. Մաշտոցի պողոտայում գտնվող գեղեցկության սրահից կատարվել է գողություն: Դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին գեղեցկության սրահի դուռն ու դրամարկղից գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է ՍՊԸ-ին պատկանող կնիքը:

Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունները կատարել է Փարպեցու փողոցի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: