Ռուբինյանը ԵԽԽՎ-ում պատահական էր դեմ է քվեարկել ՌԴ-ի ձայնը վերականգնելուն. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Ռուբեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնը: Եվ երեկ առավոտից լայնորեն քննարկվում էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների պահվածքը:

Նախ հայտարարվեց, որ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո ասվեց, թե պատահաբար է այդպես եղել, և ապա հայտնի դարձավ, որ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Ստացվում է, որ այս խուսափողականությունը իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից իրականում իշխանության դիրքորոշումն է:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում նախապես քննարկվել է խմբակցության նեղ կազմով ՌԴ-ի ձայնի իրավունքի հնարավոր քվեարկության հարցը, և որոշում է կայացվել՝ կողմ քվեարկել: Բայց Ստրասբուրգում հանկարծ պարզվեց, որ Ռ. Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել, իսկ Հ. Իգիթյանն էլ նույնքան պատահաբար, թերևս, չի մասնակցել քվեարկությանը:

Եվ փոխանակ հիմնավոր բացատրություն տալու, թե ինչու են ԱԺ իշխանական պատվիրակները այդքան իմիջիայլոց վերաբերվել մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար այդչափ կարևոր հարցին, Ռուբինյանը համացանցում քննադատում էր իրեն քննադատողներին:

Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իրականում Հ. Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, և նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Նա այդ մասին նաև տեղեկացրել է հայկական պատվիրակության անդամներին և իր քայլը բացատրել հենց այդ հանգամանքով:

Սակայն Իգիթյանի հետ կապվել չհաջողվեց. նա չէր պատասխանում ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ էլ նամակներին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղի ունեցածի մեջ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել. «Հայկական պատվիրակությունը կողմ է ռուսական պատվիրակության վերադարձին: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես արդեն ներկայացվել է. Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկությունը տեխնիկական է եղել, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ պարզապես չի մասնակցել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: