Ճողվածքի վիրահատությունից հայրը մահացել է, որդին մեղադրում է վիրաբույժին, ծեծկռտուք է եղել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

սուրբ

Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ներսես Վարդանյանը և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Արտաշես Վարդանյանին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել է: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Ն. Վարդանյանը հոր մահվան համար մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիկներին, որոնք իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ են կատարել: Մինչև Նոր Նորքի ոստիկանությունում կատարվածի մասին նյութեր էին նախապատրաստվում, նույն օրը ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 38-ամյա Արտակ Մանուկյանը և հայտնել, որ գիշերը բժշկական կենտրոնում մահացածի հարազատները ծեծի են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Տարակչյանին:

Ոստիկանները պարզել են, որ Ա. Տարակչյանի հետ հիվանդանոցում վիճաբանել է մահացած Ա. Վարդանյանի որդին՝ Ն. Վարդանյանը, ով վիճաբանության ժամանակ հարվածել է Ա. Տարակչյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վարդանյանն աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես առաջատար մասնագետ, ոստիկանութուն ահազանգած Ա. Մանուկյանը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ փոխտնօրեն, իսկ Ա. Տարակչյանը նույն բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ:

2 դեպքերի փաստով էլ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: