Հայկ Մարությանն առաջարկում է Երևանում երթևեկության արագության շեմը 60-ից իջեցնել 50 կմ/ժամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 26, 24News

երթևեկություն

Ես առաջարկում եմ քննարկել Երևանում երթեւեկության արագության շեմը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Չեմ կարծում, որ արագության իջեցումը կխոչընդոտի երթեւեկությանը, որովհետեւ ես շատ են տեսել, որ ոմանք արագ վարելով գնում են, հետո կարմիրի տակ հավասարվում ես իրենց ու մտածում՝ եղբայր, ոնց որ թե շտապում ես, բայց շատ հեռու չես գնա, եթե չես պատրաստվում կարմիրի տակով անցնել: Այսինքն 50-ով ես գնում, թե 80-ով, կարմիր տակ կանգնելու ես»,-ասաց Մարությանը:

Նա նախ նշեց, որ տվել է հանձնարարություն, որ Երեւանի բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն լինի. «Միանգամից ամբողջ քաղաքում դա չենք կարող անել: Ես ասել եմ, որ գույքագրեն ամենամութ եւ վտանգավոր անցումները եւ կոնկրետ այդ անցումները պետք է լուսավորվեն:

Շատ քաղաքներում նվազեցրել են շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, այո 60 կմ/ժամը պետք է իջնի 50: Ինձ համար զարմանալի է, որ 8 գծանոց լայն փողոցում կա չկարգավորվող անցում եւ միաժամանակ 70 կմ/ժամ արագության թույլտվություն: Այստեղ ոչ մի տրամաբանական բան չկա»,-ընդգծեց քաղաքապետը:

Նա հավելեց, որ ինքը շաբաթ-կիրակի մոնիտորինգ է անում եւ տեսնում, որ շատ դեպքերում մարդիկ չեն օգտվում վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից. «Եթե մենք ամբողջ քաղաքը պատենք վերգետնյա եւ ստորգետնյա անցումներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրը չի լուծվի, որովհետեւ մարդիկ գերադասում են անցնել ուղիղ եւ արագ: Պետք է լինի մունիցիպալ ոստիկանություն, որը վերգետնյա եւ ստորերկրյա անցումների մոտ թույլ չտա փողոցով անցնել»: