ԴԱՀԿ պետը հանդիպում-քննարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

ԴԱՀԿ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ս/թ հունիսի 25-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը։ 

Հերթական մարզային այցելության ընթացքում բաժնում շրջայց կատարելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:

Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել ընթացիկ տարում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին:

Մարզային բաժնի աշխատակիցերի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է բաժնի խնդիրներին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումներն ու առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների շրջանակներում ի հայտ եկող հարցեր, ինչպես նաև բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները:

Մարզային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով 2 քաղաքացու ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթների շրջանակներում մի ծնողից մյուսին երեխայի հանձնմանը և հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող հարցեր:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ: