Ես որեւէ առնչություն չունեմ այդ բուժհաստատությունների հետ․ Բաբինյանը՝ «Լույս»-ի անդամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Երեւանում կան մի քանի կառավարման հանձնված բուժհաստատություններ եւ դրանց շուրջ ձեր անունն է շոշափվում, պարոն Բաբինյանը: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին:

«Նույն տխրահռչակ 19-րդ պոլիկլինիկայի բաժնի պետերից մեկը ձեր հորաքույրն է, Էրեբունու «Գրիգոր Նարեկացի» ծննդատան փոխտնօրենը ձեր քույրն է: Այս բուժհաստատությունների, ինչպես նաեւ կարդիոլոգիայի ինստիտուտի դիահերձարանի մասին եւս շրջանառվում են լուրեր, որ դուք ունեք մասնաբաժին, փայ եւ ձեր ենթակայության տակ գտնվող Երեւան քաղաքի շտապօգնությանն ուղղորդում եք  տվյալ դիահերձարան: Ծուխն անկրակ չի լինում, եւ սովորաբար նման լուրերը միշտ ճիշտ են դուրս գալիս»,-հայտարարեց նա:

Վիճակը լիցքաթափելու համար քաղաքապետ Հայկ Մարությանն անեկդոտ հիշեց. «Որ անընդհատ ասում եք՝ 19-րդ պոլիկլինիկա, ես հայտնի անեկդոտն եմ հիշում, որ ասում է՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

Ի պատասխան Բաբինյանն ասաց. «Հորաքույրս թիվ 19 պոլիկլինիկայում աշխատում է որպես մայրապետ: Այո, քույրս աշխատում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում որպես փոխտնօրեն: Ձեր բերված պնդումները, թե ես որեւէ առնչություն ունեմ այդ բուժհաստատությունների հետ, բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Դուք կարող եք ստուգել»: