ԵԽԽՎ-ն վերականգնել է Ռուսաստանի խորհրդարանի լիազորությունները կառույցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեի քվեարկությունից հետո այսօր պաշտոնապես վերականգնել է Ռուսաստանի խորհրդարանի իրավասությունները կառույցում։ Միաժամանակ վեհաժողովը Մոսկվային հորդորել է կատարել 2014-2015 թվականներին վեhաժողովի ներկայացրած բոլոր պահանջները։

Ռուսական պատվիրակությունը, ըստ այս բանաձևի, պարտավոր է առանց այլևայլությունների վերադառնալ ԵԽԽՎ, գործել կառուցողական դաշտում, աշխատել կառույցի բոլոր հանձնաժողովների հետ, ինչպես նաև կատարել ԵԽԽՎ բոլոր վճարումները։ Հենց այս վերջինն է, ի դեպ, այն պայմանը, որի դիմաց էլ, ըստ էության, եվրոպական կողմում որոշել են թույլ տալ Ռուսաստանի վերադարձը։

ԵԽԽՎ-ն նույն բանաձևով Ռուսաստանին պարտադրել է բաց թողնել ուկրաինացի 24 նավաստիներին, որոնք ձերբակալվել էին ծովում Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմանավերի մասնակցությամբ միջադեպի ժամանակ։

Չնայած դրան՝ բանաձևի հրապարակումից հետո ԵԽԽՎ ուկրաինացի պատգամավորները դուրս են եկել դահլիճի կենտրոն ու հայտարարել, որ դադարեցնում են իրենց մասնակցությունը վեհաժողովի հունիսյան նստաշրջանին։