Մնացականյանը ԵՄ պաշտոնյանին ներկայացրել է Մամեդյարովի հետ խորհրդակցոթյունների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

.

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի պարբերական այցելությունները և նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները,  ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները: 

Անդրադառնալով հանդիպմանը նախորդող շրջանում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով իրադրության լարմանը՝ նախարար Մնացականյանն ընդգծել է նման զարգացումների բացասական ազդեցությունը խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Խաղաղ գործընթացի առաջմղման գործում ՀՀ ԱԳ կարևորել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը և ռազմատենչ հռետորաբանության բացառումը: