Տնտեսական դաշտը «մարսել» է կառավարության մեսիջները. Նիկոլ Փաշինյան՝ ԱՎԾ-ի տվյալների մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԱՎԾ-ի հրապարակած տնտեսական ցուցանիշներին։ 

«Մայիսին արձանագրվել է 7․3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսը նախորդ հունվար-մայիսի նկատմամբ՝ 0․1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, հիմա դրանք փարատված են»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ, վերլուծությունների համաձայն, տարվա տվյալներով կունենանք շոշափելի աճ:

Ըստ Փաշինյանի՝ կա նաև տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն. եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը 62․8 էր, այս տարի 64․6 է, իսկ հանքահումքային արտադրանքի կշիռը նվազել է:

Վարչապետի համոզմամբ՝ շատ կարևոր է արձանագրել, որ չնայած ընդհանուր արտահանման մեջ դեռևս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին հինգ ամիսների տվյալներով՝ այս ոլորտը արտահանման կառուցվածքում բավական մեծ աճ է արձանագրել՝ 29․5 տոկոս, նաև միջին տեխնոլոգիատարությամբ ապրանքների խումբն է մեծ աճ արձանագրել:

«Ինչո՞վ են կարևոր այս թվերը, նրանով, որ, ըստ էության, ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական դաշտը, համակարգը ընկալել և «մարսել է» տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները: Սրանք ընդհանուր նախանշաններ են, բայց կարևոր է, որ տնտեսությունը, գործարար համայնքը այս մեսիջներն ընկալել են»,- ասել է Փաշինյանը: