Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք չկա․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

1

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծը նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հիմք է։ 

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննության ժամանակ, դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չտվեց պաշտպանական կողմին ներկայացնել առարկություն դատախազության և տուժողների միջնորդությունների առնչությամբ։

«Դատավորին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են Դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Ձեր նկարագրած իրավիճակում ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու համար», - հայտարարեց նախարարը՝ պատասխանելով դատավորի վարքագծի մասին լրագրողի հարցին։

Լրագրողը փորձեց հստակեցնել՝ արդյոք հիմք չէ՞, որ ներկայացված միջնորդության վերաբերյալ պաշտպանական կողմից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնել։ Ի պատասխան նախարարն ասաց.

«Դուք անուղղակիորեն ինձ փորձում եք ներքաշել, որ ես փորձեմ մեկնաբանել դատավորի վարքագիծը ճի՞շտ է, թե՞ սխալ է։ Նույնիսկ կարգապահական վարույթը հարուցելու որոշման մեջ ես նման եզրահանգում չեմ կարող անել։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել»։