Գարեգին 2-րդը հյուրընկալել է Շարժայի գործադիր խորհրդի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

1

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմ բին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմիի և Շարժայի կառավարական հարաբերությունների հարցերով վարչության պետ  Շեյխ Մաջիբ բին Աբդուլլահ Ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը:

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց պատվիրակության այցի առիթով՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելություններն իրենց կարևոր ներդրումն են ունենում երկու երկրների միջև սերտ հարաբերություններ ձևավորելու գործընթացում: Ողջունվեցին այդ ուղղությամբ երկու երկրների դեսպանների կողմից գործադրվող ջանքերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Արաբական Միացյալ Էմիրությունների, մասնավորապես Շարժայի և Հայաստանի միջև հաստատված հարաբերությունները, որոնք միջկրոնական և միջմշակութային հանդուրժողականության և փոխհամագործակցության գեղեցիկ օրինակ են, անդրադարձավ նաև վերջերս Շարժա կատարած իր այցին և մասնակցությանը Հանդուրժողականության տարվա շրջանակներում կազմակերպված միջկրոնական միջոցառմանը:

Նորին Սրբությունը հաստատեց, որ հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունները հարուստ են հանդուրժողականության և եղբայրասիրության ազնիվ դրսևորումներով: Ասվածի լավագույն օրինակ Հայոց Հայրապետը նկատեց ԱՄԷ Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի կողմից Հաղարծնի վանական համալիրի հիմնանորոգումը։ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ Հաղարծնի վանքում, որը դարձել է միջկրոնական համագործակցության խորհրդանիշ, առաջիկայում կկազմակերպվեն նաև միջկրոնական երկխոսության հավաքներ:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց Շարժայի կառավարության կողմից հանդուրժողականության և խաղաղ համակեցության, կրոնական-մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Իր հերթին, Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմ բին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմին, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար, ընդգծեց, որ հանդուրժողականության և խաղաղ համակեցության լավագույն օրինակներից է նաև Շարժայում գործող հայկական եկեղեցին և հայ համայնքը:  Երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների առանցքային կետը նա նկատեց մշակութային համակեցության և կրոնական հանդուրժողականություն կամուրջների ստեղծումը: 

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը ջերմ ողջույններ փոխանցեց Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիին՝ մաղթելով, որ Շարժան և նրա ժողովուրդը մշտապես լինեն Բարձրյալի սիրո և օրհնության ներքո:
Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ պատվիրակության այցելությունը Հայաստան արդյունավետ կլինի` ծառայելով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: