Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ դուրս եմ եկել այդ սահմաններից. Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Հակոբ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն արձագանքել է մամուլում և համացանցում քննարկման առարկա դարձած իր արտահայտությանը, որը Մարությանի խոսնակը գրել էր ֆեյսբուքյան քննարկումներից մեկի ժամանակ։ Գրառումը՝ ստորև.

«Խոսքը վերաբերում էր ճանապարհային պատահարների հետեւանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով երթեւեկության արագությունը սահմանափակելու առաջարկին: Որպեսզի պարզ լինի կոնտեքստը, լուսանկարներում մեջբերում եմ քննարկման կարեւոր մասը, որտեղ շեշտել եմ, որ արագությունը նվազեցնելու հարցում ամենակարեւորը մարդկանց կյանքերը փրկելու փաստարկն է, եւ դրա դիմաց խցանումներին ու երթեւեկության  անհարմարությանը վերաբերող մնացած փաստարկները երկրորդական են դառնում: Ցավում եմ, որ այս հատվածը դուրս է մնացել թեմայի վերաբերյալ մամուլի հրապարակումների մեծ մասից:

Այնուհանդերձ,  կարծում եմ, որ ցանկացած պարագայում հանրային քննարկումների ժամանակ պետք է հնարավորինս մնալ կոռեկտ բառապաշարի սահմաններում: Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ ինքս դուրս եմ եկել այդ սահմաններից: Էմոցիոնալ զեղման պատճառը պայմանավորված էր զուտ հարցի կենսական կարեւորությամբ եւ ոչ երբեք՝ ընդդիմախոսի նկատմամբ հարգանքի պակասից: Կրկնակի ավելի եմ ցավում, եթե խնդրահարույց արտահայտության պատճառով տուժում է բովանդակային քննարկումը, որովհետեւ քաղաքապետի առաջարկը հենց այդպիսի քննարկման մեկնարկը դնելու խնդիր է ունեցել:

Շարունակում եմ անխախտ համոզմունք ունենալ, որ Հայաստանի, մասնավորապես, Երեւանի ճանապարհներին մարդկանց կյանքի ու առողջության ապահովման հարցը մեր ամենակարեւոր ու հրատապ լուծման կարոտ խնդիրներից է: Եթե կա որեւէ միջոց, որը հնարավորություն կտա գոնե մեկ տոկոսով նվազեցնել ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի ահռելի թիվը, ապա պետք է կիրառել դա՝ քննարկման առանցքում դնելով հենց այդ նպատակը:

Հայաստանում ճանապարհային պատահարների հետեւանքով տարեկան շուրջ 250 մարդ է մահանում: Մենք Եվրոպայում այս ցուցանիշով «առաջատարների» թվում ենք: Սա ահավոր ցուցանիշ է: Պետք է լրջորեն մտածել սրա մասին»։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկել էր Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ-ի։
Առաջարկը մտահոգություններ էր առաջացրել քաղաքացիների, վարորդների շրջանում, քանի որ երթևեկության ներկայիս գերծանրաբեռնվածության պայմաններում սա կարող է լրացուցիչ անհարմարություն ստեղծել ու տևական խցանումների պատճառ դառնալ։  

Քննարկումներ են ծավալվել նաև ֆեյսբուքում։ Օգտատերերից մեկի գրառմանն արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյան․ «Բազմապատիկ ավելի շատ խնչած ունեմ, թե արդյոք ինչ-որ անուս, թեթևամիտ մարդիկ կարող են դժգոհ մնալ էն որոշումից, որը կարող է փրկել տասնյակ մարդկանց կյանքեր»։ 

1