27-ամյա բերման ենթարկվածը Երևանի ակումբներից մեկում թմրանյութ էր վաճառում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մայրաքաղաքում գործող ակումբներից մեկում թմրամիջոցներ են իրացվում։

Տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել երեք երիտասարդ։

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 6 փաթեթ։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները թմրամիջոցը ձեռք են բերել հիշյալ ակումբի բարմենից։

27-ամյա երիտասարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև բերման ենթարկվածի բնակարանում։ Հայտնաբերվել է 38 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, կաթոցիչներ ու էլեկտրական կշեռքներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։