ՊՆ պաշտոնյան ծանոթացել է Արմավիրի ուսումնական բրիգադում մատուցվող սննդի որակին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24News

.

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն` ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն օրերս այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, ծանոթացել քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին, սննդի որակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելության ընթացքում գնդապետ Ավետիսյանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարության և սննդի մատակարարումն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի ապահովման օրական չափաքանակի վերանայման, սննդակարգում նոր մթերքների, մասնավորապես, մրգի և բանջարեղենի չափաբաժնի մեծացման հնարավորությունը:

Սննդի որակի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել նաև զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, դիտարկվել նրանց առաջարկները: Ընդհանուր առմամբ՝ զինծառայողները գոհ են մատուցվող սննդի որակից և սննդակարգում արդեն իսկ կատարված փոփոխություններից:

Այցի արդյունքները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին: