Գարեգին 2-րդն ընդունել է Գանդիի հիշատակին նվիրված քայլերթի կազմակերպիչներին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված` «Շարժվելով դեպի ազատություն եւ խաղաղություն» քայլերթի կազմակերպիչներ Փութան Վեեթիլ Ռաջագոփալանին, Աշոկ Սաջանհարին եւ Ջիկ Քար-Հարրիսին՝ ուղեկցությամբ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանի:

Հյուրերը Հայոց Հայրապետին ներկայացրեցին քայլարշավի հիմնական գաղափարները եւ նպատակները՝ կարեւորելով կրոնների գործակցությունը մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ խաղաղ ու բարօր աշխարհի կերտման գործում: Տիար Աշոկ Սաջանհարին Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Դելիից մինչեւ Ժնեւ կազմակերպվող մեկամյա քայլերթն անցնելու է նաեւ Հայաստանով ու Արցախով: 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց խաղաղության եւ ազատության գաղափարների տարածմանը նվիրված քայլերթի նախաձեռնությունը՝ արձանագրելով, որ այդ գաղափարները դարեր շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին, Հայոց Եկեղեցու կողմից հնչեցվել` իբրեւ ամենօրյա աղոթք ու մաղթանք:

Նորին Սրբությունը ընդգծեց նաեւ, որ համամարդկային այդ արժեքները առանձնահատուկ կարեւորություն ունեն հայոց ազգի համար, քանի որ ինչպես պատմության ընթացքում, այնպես եւ այսօր հայ ժողովուրդը պայքարում է խաղաղ եւ ազատ ապրելու իր իրավունքի պաշտպանության համար: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտությանը եւ նրա խաղաղ կարգավորմանն ուղղված հոգեւոր առաջնորդների եւ միջազգային հանրության ջանքերին` հույս հայտնելով, որ նման խաղաղասիրական նախաձեռնությունները եւս իրենց նպաստը կբերեն աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հնդկաստանի հայ համայնքին, հնդկահայոց հոգեւոր ժառանգությանը եւ նրա կարեւոր ներդրմանը երկրի կյանքում եւ հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում:

Վերջում Նորից Սրբությունն բարեհաջող առաքելության իր բարեմաղթանքներն ու զորակցությունը փոխանցեց քայլարշավի կազմակերպիչներին: