The Godfather of Godfather կամ Մարիո Պյուզոյի ժամանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Մարիո Պյուզո
«Ապրիր քո մեղքերով, ուզում ես զղջա, չես ուզում` ոչ, բայց երբեք մի կորցու հավատքը: Բացի նրանից մենք ոչինչ չունենք»:

«Ընտանիք»

1999 թ. հուլիսի 2-ը իտալոամերիկյան հանճարեղ գրող Մարիո Պյուզոյի հիշատակության օրն է: Մարդկության մեծ մասի համար գրողը հայտնի դարձավ Կոպպոլայի «Կնքահայր» ֆիլմի էկրանավորումից հետո  (1972թ.), սակայն Պյուզոյի բոլոր գործերն են մեծ («Ընտանիք», «Օմերտա», «Սիցիլիացին», «Հիմարները մահանում են», «Չորրորդ Քենեդին», «Վերջին Դոնը»):

Իր գրչի տակ  վերցնելով մաֆիայի ժանրը` Պյուզոն խտացրեց մարդկային հոգեբանության  բոլոր գույները` բացելով հոմոսափիենսների ինքնագիտակցականի դրսևորման բազմաբնույթությունը: Գրողի գրական գաղափարաբանությունը գրկում է հավատքի, իշխանության, ուժի, պատվի, արդարության, վրեժի, փողի, ողբերգության, երջանկության, Ամերիկայի, արյան կապի, դաժանության, բռնության, սիրո հավերժ հասկացությունները, որոնք համագումարվում են ընտանիք գաղափարի մեջ:

Ընտանիքը Պյուզոյի աշխարհում կենտրոնական դիրք ունի: Նահապետական այդ կառույցը` հստակ դերաբաժանմամբ ու չխախտվող սկզբունքներով, չժանգոտվող մեխանիզմով իշխանական բուրգ է: Պյուզոյի մոտ չկա ռոմանտիկա, բայց առկա է նկարագրության գեղեցկությունը և մեկնության ինքնատիպությունը: Մեծ Մարիոյի խոսքը արժեք է: Պյուզոն, անկրկնելի ոճով, ցույց է տալիս կյանքի ռեալիզմը և լուծման եղանակները, վերլուծում պատճառահետևանքային կապի իմաստը և ավարտը ենթադրում է շարունակություն, քանի որ կյանքը շարունակական է:

Իր հերոսները շատ տարբերվող են ու չկրկնող ոչ միայն նույն վեպում, այլ մյուս ստեղծագործություններում էլ: Անհետաքրիր կամ կիսատ կերպար չունի: Կարմիր թելով է անցնում դերակատարներից շատերի սերը Միացյալ Նահանգների նկատմամբ` պետության հնարավորությունների ընկալումը:

Մարիոն մեծ սեր ու հետաքրքություն ուներ դեպի Վերածնունդի ժամանակաշրջանը: Նա գտնում էր, որը մաֆիայի առաջին դոները հենց այս շրջանի պապերն են եղել, իսկ նրանցից ամենահզորները Պապ Ալեքսանդր VI-րդը, Բորջաների ընտանիքը:

Պյուզոյի ամենասիրելի գրողը Դոստոևսկին էր, և նրա գրականությունը անցկացրել էր իր միջով, յուրացրել յուրովի և լավագույնս: Դոստոևսկու ու Պյուզոյի միջև ոչ թե կա ոճային նմանություն, այլ առկա է աշխարհայացքի ներդաշնակություն: Մարիո Պյուզոյի լեզվամտածելակերպը շքեղ է, լեզուն` հարուստ ու հյութեղ, գրչային ոճը` անկրկնելի և չգերազանցված մակարդակի վրա, գրական արտադրությունը` միշտ պահանջված ու հետաքրքիր:

Բարձր գրականություն է Պյուզոյի աշխատասիրությունը, որն անընդհատ կարդալը լրջացնում ու խորացնում է մարդուս աշխարհայացքը, ներաշխարհը, լայնացնում մտահորիզոնը, ճիշտ դիտանկյունից ավելացնում մարդաճանաչության ունակությունը, մտածող մարդուն դարձնում ավելի ուժեղ և զարգացած: Անհրաժեշտ է շատ ու պերմանենտ ընթերցել Մարիո Պյուզո, որպեսզի աշխարհն իր գույների մեջ գտնել, մարդուն տարբեր տեսակների ու իրավիճակների մեջ հասկանալ: Պյուզոյի գանձերը միայն իր գանձատուփում կարելի է գտնել, որը չունի հատակ կամ վերջ: Սա սաթե (янтарь) գրականություն է:

Ռուբեն Վարդանյան

պատմաբան