«Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

Ոստիկանությունը «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (մասիվցի Անդիկ) սպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

Ըստ տեսանյութի՝ հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23:10-ի սահմանում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:

Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ 

Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում։ Ոստիկանության ծառայողները տեղում իրականացրել են անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Ոստիկանության փորձաքրեագետների եւ քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։

Հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարած անձինն է։ Փորձաքննությունների համար դեպքի վայրից վերցվել են անհրաժեշտ հետքեր ու նմուշներ։

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն: