ՆԱՏՕ-ն կվերանա 5 տարի հետո, եթե Թրամփը վերընտրվի ԱՄՆ նախագահ․ Ջո Բայդեն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Հյուսիսատլանտյան դաշինքը կդադարի գոյություն ունենալ 4-5 տարի հետո, եթե Դոնալդ Թրամփը վերընտրվի ԱՄՆ նախագահ երկրորդ ժամկետով։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ CNN հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե նա վերընտրվի, ես ձեզ խոստանում եմ, որ ՆԱՏՕ-ն չի լինի չորս կամ հինգ  տարի հետո»,- ասել է Բայդենը, որը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին Դեմոկրատական կուսակցությունից՝ 2020-ի ընտրություններում։ «Գերմանիայի նախկին կանցլերն ասում է, որ իրենք (Գերմանիան) ստիպված են գործել միայնակ, քանի որ նրանց չի կարելի այլեւս հույս դնել Միացյալ Նահանգների վրա։ Ինչո՞ւ ենք ուրեմն մենք (ԱՄՆ-ը)  ՆԱՏՕ-ին վատություն անում»,- հռետորական հարց է տվել նախկին փոխնախագահը։

Բայդենը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի մեկ առանձին վերցրած պետություն «չարաշահի իր գերիշխող դիրքը տարածաշրջանում, Եվրոպայում եւ իր մեջ վերցնի (Արեւմուտքի երկրները), ինչպես դա տեղի ունեցավ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներում»։ Նախկին փոխնախագահի պնդմամբ՝ ներկա պահին նման վտանգ բխում է Ռուսաստանից։

«Գաղափարն այն մասին, որ մենք (ԱՄՆ-ը) կմնանք առանց դաշինքների եւ դաշնակիցների առաջիկա 20-30 տարիներին, հղի է փորձանքներով։ Ինչպե՞ս կարող ենք գլուխ հանել «Իսլամական պետությունից»՝ առանց նախագահի (ԱՄՆ) կողմից կոալիցիայի կազմավորման»,- հարց է տվել Բայդենը՝ հերթական անգամ մեղադրելով Թրամփին Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի ղեկավարության հանդեպ չափից ավելի ներողամտության մեջ։