Այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է․ Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ-ի մասին․ «Առավոտ»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

«Առավոտ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարությունները որևէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձևը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձևակերպումներ կան, այսպես պատասխանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը:

Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձևի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջև, մասնավորապես՝ Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Անաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:

19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այս խնդրահարույց ձևակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ:

Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին և առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:

Հարցին՝ Արցախի իշխանությունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձևերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն, այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որևէ ձև չկա: Աոաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձևեր են քննարկվում:

Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, և նրանք ստորագրում են: Նման բանաձևերին պետք չէ լուրջ վերաբերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խնդիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները և փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավորում է: Այսպիսի բանաձևերը ծնվում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: