Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է Ռոբերտ Աբաջյանի անունով լսարան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել գրադարանի, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգ Աբաջյանի խոսքով՝ ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը՝ լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին որպես հավաքական կերպար իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ քաղաքային հիվանդանոցի շենքն իր 100-ամյակը դիմավորում է նորակառույց գրադարանով, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանով, նոր հիվանդասենյակներով՝ իր հաղթանակած ուղին շարունակելով «զինվորի տուն» պատվավոր կոչումով:

«Այստեղ բացված առաջին լսարանն անվանակոչել ենք Ռոբերտ Աբաջյան հերոսի անունով, ով իր կյանքը զոհեց, սակայն ազգի արժանապատվությունը չհանձնեց»,- ասել է ռեկտորը՝ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայ բժիշկների միության ղեկավարներին, որոնց դրամահավաքի արդյունքում իրականություն է դարձել այս ազգանվեր գործը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող պատվիրակությունների ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ, հյուրեր, այդ թվում՝ հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը: Որոշում է կայացվել հաջորդ լսարանն անվանակոչել Արմենակ Ուրֆանյանի անունով:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը նախատեսում է համալրել նորաբաց գրադարանը գրքերով: Ինչպես նշել է Արմեն Մուրադյանը, գրադարանի առաջին 50 գիրքը նվիրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը: