Վրացի հաղորդավարը եթերում հայհոյել է Պուտինին․ նախագահն ու ԱԳՆ-ն քննադատել են նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

 

Ria.ru գործակալությունը գրում է, որ Վրաստանում մի քանի հարյուր մարդ հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

Կիրակի երեկոյան հեռուստահաղորդավարն իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահին հայհոյելով: Սոցցանցերում շատերը քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են ավելի սրվել ելույթից:

Հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրել հաղորդավարի անվայել պահվածքի համար: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան արձագանքել է քննադատությանը՝ նկատելով, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: 

Հեռուստահաղորդավարի ելույթը քննադատել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև ԱԳՆ-ն։

«Վրաստանի նախագահը միանշանակ քննադատում է ատելության սերմանումը, բանավոր ագրեսիան, վիրավորանքներն ու սադրիչ հայտարարությունները, որոնք այսօր արվել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքով…»,- գրված է Զուրաբիշվիլիի՝ Twitter-ի էջում: 

«Արված արտահայտությունները սադրանք են, որոնք ուղղված են վրաց-ռուսական հարաբերությունների՝ առանց այդ էլ ծանր իրավիճակի խորացմանը»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Գաբունիայի ելույթից հետո «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դիմաց ցուցարարներ են հավաքվել և ձվեր ու շշեր են նետել շենքի ուղղությամբ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news