Մայր եկեղեցում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

1

Հուլիսի 7-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասներկու սարկավագներ: 

Ս. Պատարագի ընթացքում Սիոն Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանաների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց հայոց արքաների և սրբերի անուններ: Գարեգին սրկ. Սողոմոնյանը վերակոչվեց Տ. Աբգար քահանա, Հարություն սրկ. Երանյանը՝ Տ. Երվանդ քահանա, Սարգիս սրկ. Ծատուրյանը՝ Տ. Բենիամին քահանա, Վոլոդյա սրկ. Նաջարյանը՝ Տ. Վարազդատ քահանա, Գևորգ սրկ. Հակոբյանը՝ Տ. Արտաշես քահանա, Հովհաննես սրկ. Օհանյանը՝ Տ. Տրդատ քահանա, Լևոն սրկ. Բադիրյանը՝ Տ. Տիգրան քահանա, Հովհաննես սրկ. Գալստյանը՝ Տ. Գյուտ քահանա, Ստեփան սրկ. Ասատրյանը՝ Տ. Արամ քահանա, Նարեկ սրկ. Աբրահամյանը՝ Տ. Աշոտ քահանա, Համբարձում սրկ. Հակոբյանը՝ Տ. Վաղարշ քահանա և Ռազմիկ սրկ. Դավթյանը՝ Տ. Լևոն քահանա: 

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում: