Մհեր Գրիգորյանը կմասնակցի «Եվրասիական շաբաթ 2019» 4-րդ միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Եվրասիական տնտեսական միության գործարարները, արդյունաբերողները և ակտիվ երիտասարդությունը կրկին կհանդիպեն մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և գործարար համագործակցության հարցերը:   «Եվրասիական շաբաթ 2019» 4-րդ միջազգային ֆորումն անցկացվելու է սեպտեմբերի 25-27-ը՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Կազմակերպիչների տեղեկացմամբ, այս տարի ֆորումն անցկացվելու է «ԵԱՏՄ. համախմբում, զարգացում, ուժ» խորագրով:

««Եվրասիական շաբաթ 2019» 4-րդ միջազգային ֆորումի օրակարգը կենտրոնացած է միության 5 տարվա գործունեության արդյունքների, ինտեգրման նոր վեկտորների, արևելյան գործընկերների հետ համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների, ինչպես նաև միջազգային տնտեսական տուրբուլենտ իրավիճակի հետևանքների նվազեցման վրա»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար, ֆորումի նախագահ Վերոնիկա Նիկիշինան:   

Ֆորումին մասնակցելու համար հրավիրված են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ:

«Եվրասիական շաբաթ»-ի շրջանակում անցկացվելու է խոշոր ցուցահանդես, որը նվիրված է լինելու գյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը: Մասնակցության համար հրավիրվել են ոչ միայն փորձ ունեցող կազմակերպությունները, այլև ընկերություններ, որոնք նոր են գործընկեր փնտրում: