Սևանա լճի աղտոտման պատճառը ափամերձ տարածքների ռեստորանների կոյուղաջրերի հոսքն է լիճ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 9, 24News

Սևանա լիճ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք արող է պարզաբանում տալ, թե ինչ է կատարվում Սևանա լճի հետ, և կա արդյոք փորձագիտական եզրակացություն, թե պատճառն ինչ է, և խնդիրն ինչպես պետք է լուծել։

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գործոնները մի քանիսն են և տեղեկացրեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։ Ըստ նրա՝ խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։

«Մեկն այն է, որ Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ»,- ասաց նա։ 

Հիմնական պատճառը, ըստ նախարարի, այն է, որ Սևանում կար սառը շերտ (կոչվում է հիպոլիմնիոն), որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր։ «Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի օրգանական նյութերի աճը պակասի, սահմանափակվի և դրա հետևանքով Սևանա  լճի ջուրը մնա բարձր որակի»,- ասաց նա։

Խնդրի լուծման ուղղությամբ արվող քայլեր մասով նախարարն ասաց, որ անընդհատ մոնիտորինգ են անում և դիտակետեր ունեն, բացի այդ, երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ են ստեղծել։

«Մեկը ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ Սևանա լճի կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու հետ կապված, մյուսը դիմել ենք Գրեմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձ ունեն։ Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կլինի և հստակ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն։ Բայց գործոնները տարբեր են, նշածներից բացի, ևս մի շարք պատճառներ կան, այդ թվում՝ ցանցավանդակային տնտեսություններ և մի քանի այլ գործոններ նույնպես»։