ԱԱԾ-ում ամեն ինչ գաղտնի պահելու սովետական խասյաթ կա․ Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Իրավական

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի դեմ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել։ 24News-ը կապ հաստատեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Նա նշեց, որ Արթուր Վանեցյանի դեմ ներկայացրած հայցադիմումը մեկն է այն տասնյակ հայցադիմումներից, որ տարբեր մարմինների դեմ տարիներ շարունակ ներկայացրել են, երբ իրենց մերժել են տեղեկատվություն տրամադրել։ 

-Խոսքն այսպես կոչված գաղտնի տեղեկությունների գերատեսչական ցանկի մասին է, որը Սահմանադրական դատարանի թիվ 1010 որոշմամբ պետք է լինի հրապարակային։ Բայց Ազգային Անվտանգության Ծառայությունը՝ ոտնահարելով Սահամանադրական դատարանի որոշումը՝ այն գաղտնի է պահում։ 

Այս պահին ազգային անվտանգության ծառայությունը չի տրամադրում ՝ մենք էլ գնում ենք դատարան․ որևիցէ էքստրաօրդինար բան այդտեղ չկա,-մանրամասնեց Դ․ Իոաննիսյանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրի համակարգողը հիշեցրեց, որ պաշտպանության նախարարությունն արդեն 5-7 տարի է, ինչ հրապարակել է գաղտնի տեղեկությունների գերատեսչական ցանկը։ Նույն ցանկը հրապարակել են նաև ոստիկանությունն ու արտգործնախարարությունը, էներգետիկայի նախարարությունը։

-Ինձ թվում է ԱԱԾ-ում մի քիչ սովետական խասյաթ կա ամեն ինչ գաղտնի պահելու։ Երբեմն դա հասնում է անլուրջ և ծիծաղելի աստիճանի։Դեպք է լինում, երբ ԱԱԾ-ից գրություն է գալիս, նշված է լինում վարչության պետ այսինչյան, հարցնում ենք՝ ո՞վ է այս վարչության պետը, որ ստորագրել է, ասում են դա գաղտնիք է, բայց ծրարի վրա, որով այդ գրությունը եկել է՝ շտամպով գրված է վարչության անունը։ Այսինքն մեկ-մեկ ծիծաղելու աստիճանի գաղտնապահություն է։ Դա սովետական ավանդույթ է, երբ խասյաթ ունեին ամեն ինչ գաղտնի պահելու և դա բացարձակ անընդունելի է, և առավել ևս, որ գաղտնի տեղեկությունների գերատեսչական ցանկը չի կարող գաղտնի լինել։ Ես կարող եմ երկար բացատրել, թե ինչու այդ տեղեկությունը գաղտնի չպետք է լինի, բայց կա Սահմանադրական դատարանի որոշում, որտեղ հստակ ներկայացված է, թե ինչու այդ տեղեկությունը գաղտնի չպետք է պահվի,- պարզաբանեց Իոաննիսյանը։

24News-ը կապ հաստատեց նաև ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ, ով ասաց, որ հայց է ներկայացվել դատարան, և դատարանը կքննի այն,և ավելին ասել ոչինչ չի կարող։