Քոչարյանի պաշտպանի բողոքը Ռշտունու ինքնաբացարկից հետո մակագրվել է այլ դատավորի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Իրավական

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի կողմից ներկայացված բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին: Այդ մասին 24News-ի հետ զրույցւմ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: Ըստ նրա՝ դատական նիստը նշանակվել է օգոստոսին:

Հիշեցնենք, որ պաշտպանի բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն, որը սակայն ինքնաբացարկ էր հայտնել՝ այդպիսով բավարարելով Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի միջնորդությունը: Քննիչի կարծիքով՝ Վազգեն Ռշտունին չէր կարող այս գործով անկողմնակալ լինել, քանի որ 2018-ի ամռանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո հայտարարել է, որ որպես իրավաբան՝ համաձայն է այդ որոշմանը:  

2018թ. օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել, ինչից հետո Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունն, ինչից հետո նա դիմել էր առաջին ատյանի դատարան։ Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ապրիլի 12-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում: