Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

Արայիկ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ միասնական հարթակների ստեղծում և այդ շրջանակում մշակվելու են ռազմավարական ուղղությունները, որոնցով առաջնորդվելու է գրասենյակը՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններին համահունչ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժողովրդագրական խնդիրներ, մասնավորապես, կրթության դերը դրանց հաղթահարման գործընթացում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու նախարարությանը իրականացվող բարեփոխումների և հանրակրթական չափորոշիչների մշակմանը փորձագետներ ներգրավելու հարցում։

Անդրադարձ է կատարվել միջին մասնագիտական կրթության և երիտասարդության ոլորտում առկա համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՄԱԿ-ի իրականացրած հետազոտությունները նախարարության կողմից ուսումնասիրելու հնարավորություններին` աշխատանքն առավել արդունավետ ու հետազոտահենք դարձնելու նպատակով։