Հուշագիր՝ «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: 

Շնորհավորելով համատեղ համագործակցության մեկնարկի կապակցությամբ Աննա Հակոբյանը շեշտել է, որ ստորագրվելիք համաձայնագրի արդյունքում Հայաստանում կարճ ժամանակահատվածում դասական երաժշտությունը կարձանագրի մեծ արդյունքներ և ավելի բարձր մակարդակի վրա կկանգնի:  «Ինչո՞ւ է սա կարևոր, սա կարևոր է, որովհետև այն որակը, որը մենք ունենք Հայաստանում, այն որակը որը մատուցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, այն կատարելության հասնող որակը, որը մատուցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, մենք իրավունք չունենք նրանց հետ այդպես վարվել: Դա ոչ թե մեր հարստությունն է, այլ այն է, ինչ ժամանակակից լեզվով ասած պետք է «վաճառենք» աշխարհին և թանկ «վաճառենք»: Բայց դա ջանք, աշխատանք է պահանջում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ նվագախմբերը ունեցած արդյունքին հասել սեփական նախաձեռնողականության և, ըստ էության, առանց աշխատավարձի աշխատելու կամ նվազագույն դրամական միջոցներով առավելագույնն անելու ճանապարհով: «Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամը 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել դասական երաժշտության խմբերին որպես հավելավճար: Բայց մեզ համար կարևոր է ոչ միայն նվազագույն խնդիրները լուծելը, այլ դրանք լուծելով հանդերձ, մեր առաջ դնել շատ ավելի մեծ նպատակներ և հնարավորություններ ստեղծել որպեսզի մենք կարողանանք այն ինչ ունենք աշխարհին ներկայացնենք արժանվյուն, այլ ոչ թե մեր խմբերը ստիպված լինեն ամսական աշխատավարձի խնդիր լուծել: Դա մեզ պատիվ չի բերում: Հայ երաժիշտը տաղանդավոր և հայ երաժիշտը Հայաստանի սահմաններից դուրս հասնում է համաշխարհային փառքի: Մենք այդ փառքը պետք է բերենք այստեղ: Այսօրվա հուշագիրը դեպի դա տանող ճանապարհի առաջին քայլն է և ես հավատում եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք կարճ ժամանակում ունենալ շատ լավ արդյունքներ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ համագործակցության ամենակարևոր արդյունք կլինի այն, որ դասական երաժշտություն սիրող զբոսաշրջիկների թվի աճ կգրանցվի: 

«Դասական ակադեմիական  արվեստը մեզ համար մեծագույն հարստություն է, որը պետք  է պահպանել ու զարգացնել: Այն կարող է օգնել մեզ հարստացնել մեր երկիրն ու տնտեսությունը: Ցանկանում ենք օգնել բոլորին իրենց մարքեթինգային և բրենդինգային կարողությունների զարգացման հարցում: Մեր օրերում շատ կարևոր է այս կամ այն կոլեկտիվի գործունեությունը ճիշտ փաթեթավորելն ու մատուցելը»,-շեշտել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Իմ քայլը» հիմնադրամը երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր է իրականացնում կրթության, մշակույթի, սոցիալ-առողջապահական և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում։ Հայաստանում դասական երաժշտության զարգացման նպատակով «Իմ քայլը» հիմնադրամը ձևավորել է «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» խումբը, որի շրջանակում աջակցություն է ցուցաբերվում դասական երաժշտության ոլորտի մի շարք կառույցների։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում դասական ակադեմիական երաժշտության կայուն զարգացմանը՝ դասական երաժշտության միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման և կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով։ Զարգացման մեխանիզմների ներդրումը ներառում է ռեբրենդինգի, մարքեթինգի և տոմսային քաղաքականության վերանայում։ Ոլորտի կայուն զարգացման ապահովումը կբերի երկրում ակադեմիական արվեստի հանրահռչակմանը և մշակութային զբոսաշրջության զարգացմանը։

1