Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրամաբանություն․ «Իմ քայլի» պատգամավորը՝ «պադավատիզմի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Էդգար

«Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Էդգար Առաքելյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հուլիսի 11-ի նիստի օրակարգում չզեկուցվող մի նախագծի, համաձայն որի՝ 91 ծառայողական մեքենա է տրվելու կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին։ Գրառումը՝ ստորև․

«Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրամաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում:

«Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում, որի հետ իմ կողմից հաշտվելը կամ դրա մասին լռելը կրկնակի դավաճանություն կլիներ այդ նույն արժեքների նկատմամբ:

Եվ չնայած պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների քանակը այս փոփոխությունների արդյունքում աճելու է ընդամենը 2-ով, սակայն ի հաշիվ այդ մարմիններին սպասարկելու համար հատկացվող նոր մեքենաների` ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր քանակը Հայաստանի Հանրապետությունում աճելու է 73-ով` հասնելով 1774-ի:

Ընդգծեմ, որ ամենևին դեմ չեմ, որ տեսչական մարմինների արդյունավետությունը և օպերատիվությունը բարձրացնելու նպատակով այդ կառույցներին սպասարկելու համար հատկացվեն ընդհանուր օգտագործման ծառայողական մեքենաներ: Սակայն նախ համարում եմ, որ դա հնարավոր էր և պետք էր անել ի հաշիվ այլ գերատեսչունթյունների տարատեսակ պաշտոնյաներին սպասարկող տասնյակ «պադավատների», և երկրորդ, ոչ մի պարագայում չէր կարելի «պադավատ» տրամադրել այդ մարմինների ղեկավարներին, որոնք մինչ այս զրկված էին նման ճոխությունից»: