Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Կառավարությունը հուլիսի 11-ի նիստում որոշում կայացրեց նպատակային ուսուցման համար տարկետման իրավունք սահմանել միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար:

Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ մոտ 479 քաղաքացի չի զորակոչվելու:

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամանակահատվածն է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ փոխվում են նաեւ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու մրցույթի պայմանները, որի հիմքում դրվում է սովորողի կամ դիմորդի առաջադիմությունը:

 «Պարոն վարչապետ, մենք գնացել ենք այդ քայլին, քանի որ մեզ համար նաեւ միջին մասնագիտական կրթությունն է կարեւոր: Բայց ունենք նաեւ մոտ 40 հոգի, որ կամավոր ընդհատում են ուսումն ու մեկնում ծառայության: Շուտ գնալու խնդիր է, ուզում են, օրինակ, այս տարի գնալ բանակ, ոչ թե հաջորդ տարի»,-ասաց Տոնոյանը:

Տոնոյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրով ՊՆ-ի պատվերը 350 տեղ է, որից 320-ը՝ դասակի հրամանատարի ծրագրով, 30-ը՝ բժշկական մասնագիտություններից գծով. «320 տեղի համար դիմողների քանակը եղել է 324, որից 281-ը ստացել է դրական գնահատական»:

Որոշման նախագծի մի շարք դրույթներ նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2019թ. սեպտեմբերի 1-ից, որպեսզի դրանց գործողությունը չտարածվի 2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրի կազմակերպման գործընթացի վրա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ եւ ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովի:

Դավիթ Տոնոյանն արաձագանքեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, էդ տենդենցն էլ է լինում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ժպիտով արձագանքեց. «Չէ, քանի որ մենք հիմա 0-ից մինչև 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»: