Մերժվածների՝ տասնյակ տարիների գործելաոճը խոր արմատներ է ձգել պետական համակարգում․ ՀԲՃ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

2018 թվականի հունիսի 26-ին մետաղական հանքարդյունաբերությանը վերաբերող հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ. հաշվի առնելով նախորդ մի շարք դիմումների ոդիսականները՝ հնարավորինս պարզ եւ հակիրճ էինք ձեւակերպել մեր հարցադրումները: Այս մասին ասված է Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.

«Հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացել ենք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ստորագրությամբ հաստատված այս «հանճարեղ» պատասխանը։

Որպեսզի պարզ լինի, թե ինչ աբսուրդի մասին է խոսքը՝ ներկայացնենք, թե ինչ էինք ուզում իմանալ ՀՀ կառավարությունից։ Մենք ընդամենը խնդրել էինք տրամադրել հետեւյալ տեղեկությունները․

1. Արդյո՞ք երբեւէ ստուգվել է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։

2. Եթե այո, ապա ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ, եւ ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։

Պատասխանը կարդալիս ճիշտն ասած կասկած առաջացավ, որ երեւի ՊԵԿ-ում պատահաբար սխալվել են ու մեկ այլ հարցման պատասխանն են ուղարկել մեզ։ Զանգեցինք գրության կատարողին եւ խոսակցության արդյունքում պարզեցինք, որ սա իսկապես մեր հարցման պատասխանն է։ Ավելին՝ ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Հայրունին վստահ էր, որ իրենք լիարժեք պատասխանել են մեր հարցմանը։

Ինչ է ստացվում․ Առաջին հարցին հստակ պատասխանելու փոխարեն ՊԵԿ-ում որոշել են մեզ տեղեկացնել ԵԱՏՄ-ի 2012 թվականի ինչ-որ որոշման գոյության եւ դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Իսկ դրանից հետո էլ՝ երկրորդ հարցի մեջ նշված կետերին հստակ պատասխանելու փոխարեն, հղում են տվել առաջին պարբերության մեջ գրած եւ մեր հարցադրումների հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունեցող տեղեկություններին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։

Այս պատասխանը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ մերժվածների տասնյակ տարիների գործելաոճը խորն արմատներ է ձգել պետական համակարգում եւ այդպես էլ արմատախիլ չի արվում։ ՊԵԿ-ի պատասխանից մենք այդպես էլ չիմացանք, թե արդյո՞ք անկախ Հայաստանում որեւէ պետական կառույց երբեւէ ստուգել է երկրից արտահանված խտանյութի բաղադրությունը։ Չիմացանք, թե ո՞ր պետական կառույցն է դա արել, եթե արել է, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Եվ ամենակարեւորը, այդպես էլ չիմացանք, թե ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս կարող են իմանալ, թե ժողովրդին պատկանող ընդերքի շահագործման արդյունքում ինչ է իրականում արտահանվում մեր երկրից։

Նաեւ ՊԵԿ-ին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է եւ գոյություն է ունեցել 2012 թվականի ԵԱՏՄ-ի իրենց նշած որոշումից շատ առաջ, եւ երկրից երկու տասնամյակ շարունակ արտահանվել է տարբեր մետաղների խտանյութ: Բացարձակ անհասկանալի է, թե մեր հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ է ընդհանրապես նշված այդ կառույցի անվանումն ու հղում է արվում նրա որոշումներին։

Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չի տրվել, չեն տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում՝ մենք կփորձենք վերականգնել ՀՀ քաղաքացիների այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Խնդրի առնչությամբ արդեն իսկ դիմել ենք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը եւ վերականգնել մեր խախտված իրավունքները։