Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի դեսպանին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հանդիպմանը ներկա  էր նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարեմաղթանքներն է բերել դեսպանին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին և ներկայում երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Խոսվել է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր առաքելության և Իսրայելում հայ համայնքի կյանքի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բելոցերկովսկին վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Վերջինս ընդգծել է նաև, որ տպավորված է Հայաստանի պատմությամբ, հայ ժողովրդով և նրա հարուստ մշակութային ժառանգությամբ: 

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն մաղթել է դեսպանին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news