Իրավիճակն օրենքի ուժով անլուծելի է՝ Տավարացյանը չի երդվել․ Վերաքննիչ դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հետ կապված խնդրին օրենսդրական կարգավորում չկա, սակայն իրավիճակը պետք է լուծում ստանա։ Այս մասին հուլիսի 11–ին Աջափնյակի դատարանում դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ Տավարացյանի հետ կապված հարցը հնարավոր է, որ լուծում ստանա այսօրվա ժողովին։

«Իրավիճակն օրենքի ուժով մի փոքր անլուծելի է՝ կապված այն փաստի հետ, որ տիկին Տավարացյանը չի երդվել։ Փաստորեն մենք ունենք ընտրված բարձրագույն դատական խորհրդի անդամ, որը, սակայն, դեռևս չի սկսել իրականացնել պաշտոնեական պարտականությունները, քանի որ նա դեռևս չի երդվել։ Մյուս կողմից մենք ունենք իրավիճակ, որ  դեռևս դադարեցված չէ այդ անդամի լիազորությունները, հետևաբար իրավիճակը պետք է լուծում ունենա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։

Սրա հետ կապված՝ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանը՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news