Քավոր, սանիկ, ընկեր. ովքեր են ԵՊՀ պրոռեկտորները և ով կդառնա ռեկտոր. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պաշտոնն ստանձնելուն պես ձեռնամուխ է եղել ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների, առաջին հերթին ուսանողների հետ տարվող աշխատանքի կենտրոնը լուծարելու` կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանից ազատվելու, «Ռեստարտ» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանին միավորված կենտրոնի ղեկավար նշանակելու, ինչպես նաև անցանկալի պրոռեկտորներից ազատվելու համար: ԵՊՀ 3 պրոռեկտորներն արդեն ազատվել են աշխատանքից։ 2 օր առաջ առաջին պրոռեկտորը նշանակվեց` ԵՊՀ դասախոս Էլինա Ասրիյանը, որն իր սանիկն է: Ասրիյանը մեզ հետ զրույցում չհերքեց այդ փաստը: Դա ԽԾԲ չէ՞։ «Կարծում եմ` ոչ, եթե Դուք վերադառնաք և տեսնեք` որ թվերից եմ ես համալսարանում, կհասկանաք, որ նման ազդեցություն չի եղել»:

Ինչ վերաբերում է մյուս երկու պրոռեկտորներին, ապա Գևորգյանը հայտարարել է, որ օգոստոսի սկզբին պրոռեկտոր կդառնա ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանը, որն իր ասպիրանտն է, իսկ երրորդ պրոռեկտոր էլ, ըստ ամենայնի, կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը ռեկտորատում: Փաստորեն, պրոռեկտոր են դառնում միայն ցանկալի՞ մարդիկ։ «Ոչ, նախկին պրոռեկտորներ կան, որ դեռ պաշտոնավարում են»:

Իսկ ի՞նչ եք կարծում` ո՞վ կդառնա ԵՊՀ ռեկտոր՝ հարցրինք Ասրիյանին, թերևս կցանկանայիք` Ձեր քավորը։ «Ես ցանկանում եմ ռեկտոր դառնա համալսարանին նվիրված, համալսարանը հասկացող-զգացող մարդ»: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ռեկտորի հավանական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ։ «Անձամբ չեմ ճանաչում»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: