Տգեղ է, երբ վարչապետը, իր կինը, աղջիկը դասեր են տալիս մամուլին․ Արմինե Օհանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Տարիներ առաջ, երբ ՍԴ-ն ապաքրեականացրեց զրպարտությունը, մանրամասն նկարագրվեց՝ որն է զրպարտությունը, ինչ տուգանքներ կարող են սահմանվել և այլն: Եվ հենց այս որոշման մեջ նշված է՝ ֆինանսական տույժ-տուգանքները պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով տվյալ լրատվամիջոցի ֆինանսական դրությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Զրպարտության ապաքրեականացումից հետո բոլոր դատական գործընթացներում միշտ եղել են մեծ պահանջներ, բայց փոքր վճիռներ, բոլոր դատավորները հասկացել են ու մաքսիմալ 200-300 հազար դրամի տուգանքներ են սահմանել: Սա աննախադեպ երևույթ է, որ էլեկտրոնային լրատվամիջոցի համար մեկ միլիոն դրամի տուգանք է սահմանվել»,-ասաց Օհանյանը:

Արմինե Օհանյանը կարծիք հայտնեց՝ տգեղ է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով՝ վարչապետը, իր կինը, աղջիկը դասեր են տալիս մամուլին, հատկապես, որ բոլոր լրատվամիջոցները պետռեգիստրում ներկայացրել են հիմնադիրների կազմը, իսկ ամեն տարի ներկայացնում են ֆինանսական հաշվետվություն:

«Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի ամենամեծ լրատվամիջոցներից մեկի սեփականատերը իրենց ընտանիքն է: Այսինքն՝ էդ պահանջները, նախևառաջ, պետք է ուղղեն իրենց ընտանիքին»,- նկատեց նա: