Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել վերացնել ընտրված խափանման միջոցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 12, 24News

armen-gevorgyan2

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից. «Միջնորդություն ենք ներկայացրել Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը եւ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը վերացնելու մասին»,-ասաց նա։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ առկա են երեք դատական ակտեր, որոնցով փաստացի արձանագրվել է, որ առկա չեն Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր. «Ըստ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ թեեւ 190-րդ հոդվածով առկա է հիմնավոր կասկած, բայց խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետևաբար վերջինիս նկատմամբ խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելն ուղղակի հակասում է դատարանների վերը նշված որոշումներին: Ընդ որում, որևէ նշանակություն չունի, որ այդ հիմքերի բացակայությունը արձանագրվել է հենց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդության քննարկման շրջանակներում, քանի որ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված «խափանման միջոց կիրառելու հիմքեր» եզրույթից ակներև է, որ այն վերաբերելի է բոլոր տեսակի խափանման միջոցներին, այդ թվում նաև՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցին»։

Ընտրված խափանման միջոցը պաշտպանական կողմը դիտարկում է անօրինական, եւ գտնում է, որ դա պետք է վերացվի. «Ընդ որում, երբ քննիչը որոշում էր կայացրել Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրություն, իր որոշման մեջ պետք է նշեր, թե որ հիմքով կամ հիմքերով է դա ընտրում, մինչդեռ քննիչը իր որոշման մեջ ոչ մի հիմք չի նշել, փոխարենը նշել է նպատակը, իսկ դրանք տարբեր հասկացություններ են։ Այսինքն՝ առերեւույթ է, որ անգամ այս պայմաններում քննիչի որոշումը միանշանակ ապօրինի է»։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news