«Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին գազի սակագինը պահելն անվերջ չի կարող ձգվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 12, 24News

մհեր գրիգորյան

Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, չեք պատկերացնի, թե ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք քննարկվել են եւ դեռեւս ենթակա են քննարկման: Չէի ցանկանա հիմա սպասումներ ձեւավորել, որովհետեւ դեռեւս մեծ աշխատանք կա անելու»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով են իրատեսական փորձագետների կողմից պնդումները, որ 2020 թվականից գազի գինը բարձրանալու է, փոխվարչապետը նշեց. «Ես նման պաշտոնական որեւէ ազդակ էդ հարցի հետ կապված չեմ ստացել: Ես նման փորձագիտական եզրակացությունների մեջ չեմ տեսել որեւէ ֆունդամենտալ պատճառ»:

Նա համաձայնեց, որ «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին գազի սակագինը պահելը անվերջ չի կարող ձգվել. «Բայց արդյունավետության հաշվին սահմանին գազի գնի բարձրացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ»:

Ինչ վերաբերում է նրան, որ տեղեկություններին, որ գազի գնի հարցը կլուծվի հոկտեմբերին, երբ ՌԴ նախագահ Պուտինը կայցելի Երեւան, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ես նման սպասումներ չեմ ցանկանա ձեւավորել, որովհետեւ եկեք ավելի շատ կենտրոնանաք բանակցությունների ու բաղադրիչների քննարկման վրա, որոնք շատ կարեւոր են: Բոլոր բաղադրիչները առանձին պետք է քննարկվեն»:

Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու մոտ ժամանակներս, որպեսզի բանակցություններ լինեն բաղադրիչների, այդ թվում խնայողության բաղադրիչի վերաբերյալ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս