Նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25632 զանգ, 434 դեպք-պատահար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Հուլիսի 12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և փրկարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25632 զանգ, 434 դեպք-պատահար, որից 383-ը՝ արտակարգ բնույթի: Դեպք պատահարների հետևանքով զոհվել է 5 մարդ, հաջողվել է փրկել 6 մարդու կյանք:

ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 15 զանգ, որից երկուսը կապված էր ինքնասպանության փորձի հետ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը, ի թիվս այլ հարցերի, զեկուցեց այն մասին, որ ակադեմիայում ընդունելության քննությունները ընթանում են բնականոն կերպով: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում Պաշտպանության նախարարության տարբեր բանակային կորպուսների զինծառայողներ անցնում են վերապատրաստման դասընթացներ, և այն կրելու է շարունակական բնույթ: ՊՆ զինծառայողները հատկապես հետաքրքրված են լեռնափրկարարական հմտությունների ձեռք բերմամբ և շարունակական կատարելագործմամբ:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը ուշադրություն է հրավիրել տեղերում փրկարար ծառայության ուժերով արտակարգ իրավիճակ ծնող հանգամանքների հայտնաբերմանը և արագ չեզոքացմանը, հատկապես շեշտելով քարաթափումների և սողանքների վտանգը:

Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է նաև ստորին օղակի հրամանատարների արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը, քանի որ արտակարգ իրավիճակների ժամանակ դա կարող է կյանքեր արժենալ:

Խնդիրները ճիշտ պատկերացնելու համար գնդապետ Նահապետյանը հորդորել է անհրաժեշտության դեպքում կազմել հարցաշար և որքան հնարավոր է շատ տեղեկատվություն ստանալ արտակարգ դեպք-պատահարի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի գնահատել իրավիճակը և մոբիլիզացնել անհրաժեշտ թվով փրկարարական ուժեր և տեխնիկա:

Փրկարար ծառայության տնօրենը հրամայել է իրականացնել փրկարարական ավտոսանդուղքների վերաբաշխում մարզային կառույցների միջև, և հատկացնել դրանք այն մարզային և տարածքային ստորաբաժանումներին, որտեղ կան մեծ թվով բարձրահարկ շինություններ:

Արտակ Նահապետյանը հանձնարարել է նաև ներկայացնել հաշվետու ժամանակահատվածում տարածքային փրկարարական ստորաբաժանումներում կատարված շինարարական աշխատանքների ծավալի և որակի մասին տեղեկանք: Նրա խոսքով, առաջիկայում կառավարության որոշմամբ նախատեսվում է մոտ 700 մլն դրամ հատկացնել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավման համար:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ գնդապետ Նահապետյանը տվել է կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ: