ՀՀ վարչապետն ու նախագահը ներկա գտնվեցին Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք իրենց ցավակցությունը հայտնեցին Կիրակոսյանի հարազատներին:

Հարգանքի տուրք մատուցելու եկել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ ԱԺ մի շարք ներկա և նախկին պատգամավորներ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ ճանաչել է Կիրակոսյանին և անձնական մեծ կորուստ է իր համար դիվանագետի մահը:

«Ես հպարտ եմ, որ նման բարեկամություն է ձևավորվել այս տարիների ընթացքում: Արման Կիրակոսյանի մահը ոլորտի համար էլ է մեծ կորուստ, քանի որ նա դիվանագիտական ընտանիքի լավագույն անդամներից էր»,- նշեց Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Արման Կիրակոսյանի օրինակը պետք է որպես ուղենիշ ծառայի իրենց համար:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևանում։ Նա մահացել է կյանքի 63-րդ տարում՝ 2019 թվականի հուլիսի 6-ին։