Երեխաներին ասում են՝ բալա՛ ջան, դու մեջք չունես. պետք է սովորեցնենք հավատալ իրենց ուժերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Սփյուռքի ընկալումը Հայաստանի նկատմամբ փոխվել է՝ զուտ բարեգործականից դառնալով զարգացման տրամաբանության։ Այսօր, հուլիսի 13-ին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հորդորեց սփյուռքահայերին իրեն սխալ չհասկանալ։

«Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքը փոխվեց այն իմաստով, որ հասկացան՝ պետք է ոչ թե գումար, շոր, ուտելիք տալ ՀՀ բնակիչներին, չնայած դա էլ թերագնահատել չի կարելի, այդ ամենը մի ժամանակ փրկել է Հայաստանը սովից ու աղետից, այլ զարգացնել երկիրը։ Իմ ասածը խնդրում եմ սխալ չմեկնաբանել՝  որևէ օգնություն, աջակցություն չեն թերագնահատում։ Ներկայումս Սփյուռքի բանաձևն է՝ օգնել մարդկանց, որ հավատան իրենք իրենց, և հենց սա է հեղափոխության բանաձևը։ Եվ Սփյուռքը սկսեց օգնել Հայաստանի զարգացմանը»,-ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, որ նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին ու հույս էին կապում նրանց հետ, իսկ 2018թ․ մարդիկ հավատացին իրենք իրենց, որովհետև հասկացան՝ իրենք են որոշիչ ուժը։

«Մարդիկ իրենց երեխաներին ասում են՝ բալա՛ ջան դու ի՞նչ կարող ես անել, ոչ մեջք ունես, ոչ փող, մենք ասում ենք՝ դուք կարող եք փոխել աշխարհը բառիս բուն իմաստով։ Բայց աշխարհը փոխելուց առաջ իրենք պետք է փոխեն իրենց, իրենց անմիջական շրջապատը, փորձեն ամեն օր մի նոր բան սովորել»,-ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանը ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերող երկրի։
«Շատ է խոսվում դեմոգրաֆիական խնդիրների մասին, շատ ենք քննարկում, որ հասկանանք՝ ոնց անենք, որ բնակչությունը շատանա։ Պատմությունը ցույց է տալիս, որ բնակչությունը շատացել է, երբ Հայաստանը եղել է արդյունաբերող երկիր։ Եկել է մեր հաղթելու ժամանակը, որովհետև երբ ծովի դար էր ծով չունեինք, նավթի դար էր, նավթ չունեին, երբ բախտի դար էր, բախտ չունեինք։ Ահա, եկել է մտքի դարը, և մենք ունենք միտք, խելք ու տաղանդ, նշանակում է՝ մենք հաղթելու ենք։ Երեխաները մեր հաղթանակի ամենամեծ հերոսներն են»,-ասաց նա։