Վերջին 10 տարում ավտովթարներից կորցրել ենք ՀՀ մարզային միջին քաղաքի բնակչություն․ ՀԿ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Վերջին 10 տարում մենք ավտովթարների հետեւանքով կորցրել ենք Հայաստանի մարզային միջին քաղաքի բնակչություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն Հայաստանի տնտեսությունը ավտովթարների հետեւանքով տարեկան կորցնում է 150-170 մլն դոլար, այսինքն 10 տարում դա կազել է 1,5 մլրդ դոլար:

«Հայաստանում ավտովթարներից խուսափելուն ուղղված ծրագիր կամ հայեցակարգ չկա. «Սերժ Սարգսյանի ժամանակ մինչեւ 2016 թվականը եղել է հայոցողակարգ եւ հատկանշական է, որ վերջին տասը տարիներին ամենաքիչ զոհերն ունեցել ենք 2016-ին՝ 267: Այդ տարի խստացումներ եղան, տեսախցիկների թիվն զգալի ավելացավ, բայց հաջորդ տարիներին նորից զոհերն ավելացան»,-ասաց նա:

Ղահրամանյանը նշեց, որ աշխարհում փորձված միջոց կա՝ զրոյական մահացության հայեցակարգը. «Օրինակ, Շվեդիայում մեքենաների քանակի ավելացմանը զուգընթաց մահացության ցուցանիշը 16 տարիների ընթացքում (1997-2013 թթ) կրկնակիից ավելի նվազել է: Այնտեղ կիրառվում է զրոյական մահացության հայեցակարգը, որն իր մեջ ներառում է կրթություն, մշակույթ, վարորդական էթիկա, իրավագիտակցության բարձրացում, քաղաքաշինական լուծումներ: Այդ ամենը հարմոնիզացված է»: