Հուլիոս Կեսարը կամ Ռուբիկոնը անցնելու ժամանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

1

«Մեծագույն թշնամին թաքնված է այնտեղ որտեղ իրեն ամենից քիչն ես փնտրում»։

Գայոս Հուլիոս Կեսարը այն երևույթն է, որը քաղաքական մարդկանց մեջ չի գերազանցվում արդեն երկու հազար տարուց ավելի, այսինքն՝ այս մեծությունը այլևս չի հատվելու, քանի որ քաղաքակրթությունը մարդկային բոլոր փորձություններն ու դրսևորումներն ի հայտ է բերել և սպասում է իր Ահեղ Դատաստանին: Կեսարի ֆենոմենը դասագիրք է ոչ թե մեկ ոլորտի, այլև անհատականության համար՝ անկախ զբաղմունքից: Կեսարիզմը հաջողության ուժեղ ու համակարգային մոդել է:

Հռչակավոր Հուլիոսի քայլը` Ռուբիկոն գետի կտրումը, շրջադարձային եղավ պատմության ընթացքի համար: Հռոմեացին մտորում էր ափեզրին, որը, ըստ պատմիչ Սվետոնիուսի, ուղորդվում էր տեսիլքներով, և Կեսարը ասաց իր կարճ ու մինչ օրս չհանգչող արտահայտությունը. «Վիճակը նետված է» ու անցավ գետը:

«Վիճակը նետված է» և «Ռուբիկոնն անցնելը» թևավոր խոսքեր չեն, իրատեսական դրույթներ են:

Հայաստանում վիճակը նետված է, բայց Ռուբիկոնը անցնելու գիտակցման, վճռականության և վախերը հաղթահարելու պակաս կա: Վճռական մենակների ողբերգական վախճաններ քիչ չեն եղել մեր մեջ` Պապ թագավորից մինչև հոկտեմբերի 27, բայց սա ոչ թե պետք է հոգեբանորեն տապալի, չնայած սարսափելիությանը, այլ ավելի խորագետ ու համարձակ դարձնի:

Իշխանության առաջնորդը անհրաժեշտություն ունի գետը անցնելու և դա անի պետությունը կցորդ մարմնից ինքնուրույն սուբյեկտի վերածելու ու պահպանելու համար: Հայաստանը գործընկեր է և այս տրամաբանության մեջ նպատակ ունի իր համաշխարհային դիմադրողականությունը բարձրացնելու: Հայ քաղաքական անհատը կեսարիզմը իր միջով անցկացնելու կարիք ունի: Ի վերջո Կեսարը քաջ գիտակցում էր, որ Հավերժ Քաղաքի դեմ գնալն օրենքից դուրս հայտնվելու կարգավիճակ է, բայց ավելի կարևորում էր յուր նպատակների կիրառման անհրաժեշտությունը Հռոմ - հայրենիքի համար, գաղափարների, որոնց կենսական իրավացիությունը նա մինչև հատակը խորությամբ քննել ու համոզվել էր:

Մենք անընդհատ շպրտվել ենք հետ, քանի որ փորձությունները ճշմարիտ հաղթահարելու՝ մինչև վերջ պայքարողի կամք չենք ունեցել, և արնաթաթախ թագավորների ու սպարապետների մարմիները թաղել, գործը մոռացության ենք տվել:

Մենք չունենք իշխանական ստվերների հետ երկխոսություն: Մեր պատմական հիշողությունը ոչ թե առարկայական է, այլ` զգացական ու անօգուտ, անցած եղածին պետականության աչքերով չնայած, բարոյական հաղթանակների մեռած` մեռած ու չթաղած:

Եվ հիմա, որպեսզի մեկ քայլ առաջ ու երկու քայլ հետ կրկնություն չլինի, նպատակային պետականաշինության չուշացող և չհոգնող, չհանձնվող պարտադրանք կա, որովհետև հախուռն սլացող այս ժամանակում կա՛մ բան չես անի ու վերջնական կվերածվես սիքտիրչի սեգմենտի, կա՛մ կվերականգնես արժանապատվությունդ, կհամակարգես պատմությունդ, սելեկտորիզացիայի կենթարկես բոլոր ռեսուրսներդ և երևակայություն ու կամք ունեցող ընտրյալներով կգնաս քո կռիվը մի անգամ մինչև վերջ տալու, առաջին ու վերջին քայլն ազատության ճանապարհին անելու, 21 - րդ դարը քոնը դարձնելու:

Երազանքը, որ նպատակի չի վերածվում, թույն է ուղեղի և ժանգ հոգու համար, իսկ նա ով հավատ ունի առ Քրիստոս Հիսուս հաղթանակով կհաղթահարի ամենը, քանզի Տերը անհնարինի Աստվածն է: Քրիստոնեությունը մեզ տրված է պահպանման, փրկության ու կատարելագործման համար, կենսատարածքը, որտեղ ապրում ենք, արևմուտքի և արևելքի երկխոսության հարթակ լինելու համար, բայց սրա համար պիտի ուժ ու որակ ունենաս, որ աշխարհի հզորներին քո դուռը բերես: Վերացական քաղաքական պոռոտախոսությունը և ավանդական վտանգավորությունը (հավերժ թշնամի, հավերժ բարեկամ) բալաստի պես կտրենք, չեզոքացնենք, միայն սեփական ուժերին ապավինելով՝ եղածը պահենք ու զարգացնենք, մոտիկը թողած հեռուն չվազենք:

Այս կոնտեքստում տեսնում եմ խարիզմատիկ անհատով, արժեհամակարգային թիմով, ինտելեկտուալ ու հարվածային երրորդ ուժի առաջացումը վիճակը բալանսի բերելու և ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար:

Պետությունը, որը չունի քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային ու գիտական ինքնիշխանություն, դառնում է հզոր մի երկրի հարեմի մասնիկ, որտեղ տերը գիշերվա նախապատվությունը տալիս է ըստ իր ցանկության, և նեղանալը հավասարազոր է ապուշության, քանի որ սեփականությունը չի կարող նեղանալ սեփականատիրոջից:

Ռուբեն Վարդանյան
պատմաբան