Բախվել են Mercedes-ն ու Газ 2411-ը. վիրավորը 40 րոպեից ավելի մնացել էր գետնին ընկած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 83-ամյա Վանիկ Պետրոսյանի վարած Газ 2411 մակնիշի 02 ՏՍ 594 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սերգեյ Մանասյանի վարած Mercedes մակնիշի 35 TZ 893 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Газ 2411-ի ուղևոր կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող կանայք, ովքեր ավտոմեքենայով մեկնում էին Տավուշի մարզ։ Նրանք 40 րոպեից ավելի անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել գետնին ընկած վիրավոր ուղևորուհուն և միայն 40 րոպե անց, երբ տեսել են, որ ահազանգով Հրազդանի հիվանդանոցի շտապօգնությունն ուշանում է, դիմել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկները վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն իրենց երախտիքի խոսքն էին ուղղում վիրավորին օգնություն ցուցաբերած կանանց և իրենց զայրույթն էին ուղղում Հրազդանի հիվանդանոցին, քանի որ նրանք ավելի ուշ պատճառաբանել են, թե վթարը՝ մեր տարածքում չի, մինչդեռ նրանք պետք է Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալով՝ ժամանեին ու գոնե առաջին օգնությունը ցուցաբերեին վիրավորին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газ 2411-ի վարորդը, ով հետընթաց կատարելու ժամանակ ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: