ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն․ ներգրավվել է նաև ուղղաթիռ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ:
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը:

Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը:
Հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք: 

Ուղղաթիռի ներգրավվածությունը օգնում էր ճանապարհային ոստիկանությանը հայտնաբերել նաև օրինախախտ այն վարորդներին, որոնց կատարած խախտումների պահին այդ վայրում չկար ճանապարհային ոստիկանության կարգախումբ: 

ՀՀ ոստիկանության ու «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության համագործակցության շրջանակում ուղղաթիռներ կկիրառվեն ոչ միայն ճանապարհային ոստիկանության ծառայության, այլև ոստիկանության այլ միջոցառումների ընթացքում:

Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սևանա լիճ: Քաղաքացիների անվտանգ հանգիստը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրերին ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս