ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Եվրոպական Միությունը հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցների փաթեթը՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված։ Ինչպես հաղորդում է գերմանական «Deutsche Welle» կայքը, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է Բրյուսելում արտաքին հարաբերությունների խորհրդի անդամների կողմից՝ այն հիմնավորումով, որ Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:
ԵՄ արտաքին գործերի նախարարների նպատակն է պատժամիջոցների միջոցով հասնել նրան, որ թուրքական կողմը դադարեցնի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները: Որոշման մեջ նշված է. «Ցավալի է, որ չնայած արված բազմաթիվ կոչերին, Թուրքիան շարունակեց հորատման աշխատանքները»:
Պատժամիջոցներով նախատեսվում է հետևյալը՝ Թուրքիան 2020 թվականին ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն պետք է ստանա, սակայն պատժամիջոցների արդյունքում այդ օժանդակությունը նվազեցվում է 146 մլն եվրոյով: Տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ քաղաքական երկխոսությունները չեղարկվելու են: Ավիացիոն պայմանագրերի կնքման բանակցությունները ընդհատվելու են:
Եվրոպական ներդրումային բանկից Թուրքիային տրվելիք վարկային օժանդակությունը վերանայվելու է: Որոշման մեջ նշված է նաև, որ եթե Թուրքիան, Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքները խախտելով, հորատման աշխատանքները շարունակի, ապա հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն: